Երևանում թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Հունիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 13.30-ի սահմանում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներն ու բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Խորենացու փողոցի 54-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային ներարկիչներ, սրվակներ, հերոինի նմանվող զանգված և այլն:

Հարուցվեց քրեական գործ: Նշանակվեցին փորձաքննություններ:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով հունիսի 23-ին բերման ենթարկվեց Էջմիածին քաղաքի 51-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի կես հաբ։

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդկանց թմրանյութն իրացրել էր Երևանի Սասուցի Դավթի փողոցի 46-ամյա մի բնակիչ: Հունիսի 28-ին նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Բերման ենթարկվելիս նա 4 փաթեթ դեղահաբ ու բյուրեղանման զանգվածներ էր ձեռքից գցել:

46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին ու ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ