ԱՄՆ Անկախության օրվա առթիվ դեսպանությունում տոնական երեկո է կայացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

․

Հունիսի 30-ին ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո՝ զուգորդված գեղեցիկ երաժշտությամբ, ամերիկյան հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Հյուրերին ուղղված  խոսքում ԱՄՆ դեսպան Թրեյսին վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին։

«Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, առողջապահական ծառայությունների բարելավումը, ջրի հասանելիության մեծացումը, անվտանգային համագործակցությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանակման ծրագրերը և մարդասիրական նախաձեռնությունները։ Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների հետ և ԱՄՆ քաղաքացիների, մասնավորապես՝ հպարտ ամերիկահայերի հետ։ Այս համագործակցության ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է։ Այս փոխգործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովե՝աոլ այն նշանակալի առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում», - ասաց դեսպան Թրեյսին։

Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին` ԱՄՆ Անկախության հռչակագիրի ընդունման օրը (1776թ.)։ Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:

Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ: Այս տարվա տոնակատարությունը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերությունների երեսնամյակին։

--00--ԱՀ