Դանակահարություն՝ Գավառում. 23-ամյա երիտասարդը ծալովի դանակով հարվածել էր, ապա դանակը նետել գետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

28.thumb_.png

Հունիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցում երկու հոգի վիճել էին, ու նրանցից երիտասարդը դանակահարել էր մյուսին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց դեպքից րոպեներ անց:

Ծակած-կտրած վերքը որովայնի շրջանում էր: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Օպերատիվ խումբը մեկնեց Բուռնազյան փողոց:

Քրեական հետախույզներն արագ ճշտեցին, թե որ հատվածում է եղել դեպքը: Օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Հացառատ թաղամասում բնակվող 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին: Չուշացավ նաև խոստովանական բացատրությունը. ծալովի դանակով էր խփել, հետո դանակը նետել էր գետը:

Դանակը հայտնաբերվել է։

Շարժառիթն ու հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՀԶ