Շիրակի պատվիրակությունը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության 4-րդ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

ա

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթանում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Նոր Ռոնի եւ Լիոնի Մետրոպոլի սենատոր Պրն. Ժիլբեր Լյուկ Դըվինազը, ով Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն է, մոդերացրել է «Տարածքային բարեփոխումներ, մարտահրավերներ եւ հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղանը, որին հաջորդելու են քննարկումներ երեք` «Զբոսաշրջություն», «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» աշխատախմբերում: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ։

Շիրակի մարզպետարանից  հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության պատվիրակության կազմում է նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է ավելի քան 300 մասնակցի:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան չորս թեմաների վրա` տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։

--00—ԻԴ