44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

արցախ

Արցախի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին,  հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ  «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը Կարեն Սարգսյանին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նույնականացման արդյունքներով հաստատված աճյունների և դրանցում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը անհայտ բացակայող համարվող զինծառայողների հարազատների հետ քննարկել է դատագենետիկական նույնականացման հետագա գործընթացի, կրկնակի նմուշառումների անհրաժեշտության և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղութամբ տարվող աշխատանքներով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս այս ձևաչափով շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ և քննարկել հետագա անելիքները:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:

Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

--00—ԻԴ