«Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռնփակ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

սիլվա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» քննությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը երկրից ժամանակավորապես բացակայելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը քննելու է օրվա վերջում։ Դատարանը պատրաստվում էր շարունակել ապացույցների հետազոտումը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ միջնորդություն ունի, որի բավարարման արդյունքում դատարանը կարող է հանգի նրան, որ հրապարակայնորեն չի կարող հետազոտել գործի հիմքում ընկած ապացույցները։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կարծիքով, հրապարակվելիք ապացույցներն այդ միջնորդության հետ կապ չունեն։

Նշենք, որ խոսքը գնում է նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքագրված ապացույցները անթույլատրելի ճանաչելու միջնորդության մասին։ Դատավորը որոշեց անդրադառնալ միջնորդությանը Արմեն Գևորգյանի միջնորդությունը քննարկելուց առաջ։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ նախագահող դատավորը շարունակում է խախտել քրեադատավարական իրավունքի նորմերը։ Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ դատավորի գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ նա արդեն իսկ կողմնակալ մոտեցում ունի ներկայացվելիք միջնորդությունների նկատմամբ։ Նա հիշեցրեց դատավորին, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված անթույլատրելի ապացույցները գործում չեն կարող օգտագործվել։

Պաշտպանական կողմը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգիրքը ենթադրում է, որ ապացույցը չի կարող հանրային դառնալ, եթե այն անթույլատրելի է։ Ի վերջո պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց «իրեղեն» ապացույցները հետազոտել դռնփակ դատական նիստին։ Դատարանն անցավ դռնփակ ռեժիմին։

--00—ԻԴ

Տեսանյութեր