Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը մոտ 20 մետր բարձությունից ընկել է ձորակը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

հասարակական

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի գերեզմանոցներից դեպի ժողովրդին հայտնի Շորբուլախ տանող սողանքային ճանապարհով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բարձությունից ընկել ձորակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Երևանի վարչական շրջանինն է, այլ Կոտայքի մարզի: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարինե Հարությունյանն ու Ալբերտ Ավետիսյանը՝ մինչև կժամանեին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյասնի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, որի կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոց տեղափոխվածի եղբայրն ասել է. «Երկու մեքենայով միասին մեկնում էինք Արտաշատ: Մարտունուց էինք վերադառնում: Մեքենայի անսարքության պատճառով եղբայրս բարձությունից հայտնվեց ձորակում: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնում: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել շտապօգնության բժիշկներին, որոնք րոպեների ընթացքում հասան դեպքի վայր, եղբորս նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին «Էրեբունի» հիվանդանոց: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև փրկարարներին, Երևանի պարեկներին ու Աբովյանի «Գաի» տղերքին: Նրանք նույնպես հաշված րոպեների ընթացքում հասան դեպքի վայր»: