Հայտարարություն՝ ԱՀ ԱԺ-ում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

աժ

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունը Ազգային ժողովում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջի կապակցությամբ  

Արցախի Հանրապետությունում գործող Ներդրումային հիմնադրամի և Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու նախաձեռնության կապակցությամբ ԱԺ «Արդարություն» խմբակցությունը քննարկում է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության հետ՝ առաջարկելով միանալ սույն հարցին վերաբերող փաստերը պարզելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջին։ Բազմակողմանիորեն գնահատելով սույն հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի պետական, քաղաքական, ինչպես նաև էմոցիոնալ նախադրյալները՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է, որ

1․ Խրախուսում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը ԱԺ հարթակում, առավել ևս սկզբունքորեն դեմ չէ վերոնշյալ հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելուն և քննություն իրականացնելուն։

2․ Նախաձեռնող խմբակցության առաջարկվել է խուսափել ընդգծված հանրային հնչողություն ունեցող, կարևոր և զգայուն հարցի կապակցությամբ հապշտապ քայլեր ձեռնարկելուց, գնահատել ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի մասնագիտական ներուժն ու պատշաճ ֆինանսական աուդիտ իրականացնելու հնարավորությունները։

3․ Հաշվի առնելով այն, որ հուլիս և օգոստոս ամիսները ԱԺ-ում համընկնում են արձակուրդային շրջանի հետ՝ նախաձեռնող խմբակցությանը առաջարկվել է քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի կապակցությամբ վերջնական որոշումը հետաձգել մինչև ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքների մեկնարկը, այն է՝ 2022թ․ սեպտեմբեր ամիսը։

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանձնառու է առաջնորդվելու ազգային-պետական, հասարական-քաղաքական հիմնարար շահերով, բայց ոչ երբեք պատեհապաշտ հավակնություններով։

--00—ԻԴ