Քննարկվել են ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումներին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումներին, ոլորտում առկա հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է 2020թ․ պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախին ուղղված աշխատանքների կարևորությունը։

Ներկայացնելով արցախահայության աջակցության ծրագրերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ԱՍՀՆ կողմից իրականացված 20-ից ավելի միջոցառումներն իրականացվել են Արցախի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել նաև կազմակերպության՝ հայրենիքում և Սփյուռքում ունեցած ներդրումը պատերազմական ու հետպատերազմական ժամանակաշրջանում։

Անդրադառնալով հանդիպման հիմնական թեմային՝ Նարեկ Մկրտչյանը շեշտել է Հայ իրավաբանական միության ծավալած արդյունավետ գործունեության կարևորությունն ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում և շեշտել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս․

«Կառավարության 2021-26թթ․ հնգամյա ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների ընդլայնմանը։ Ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումը պատշաճ կազմակերպելու նպատակով՝ մշակման ավարտական փուլում է գտնվում նաև ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով կհավաքագրվեն անհրաժեշտ բոլոր տվյալները»։

Հայ իրավաբանական միության անդամները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ ամբողջ աշխարհում կազմակերպությունն ունի 4000-5000-ից ավելի անդամներ, որոնց աշխատանքը մեծապես ուղղված է տարբեր ոլորտներում օրենսդրական կարգավորումների բարելավմանը։

Հայ իրավաբանական միության ներկայացուցիչներ Ռուբեն Ստեփանյանը և Լուսինե Վարպետյանը ներկայացրել են ընտանեկան բռնության ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրենց տեսլականը, ընդգծել որոշ դրույթների կարևորությունը, որոնք կարող են նպաստել օրենքի լիարժեք կիրարկմանը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները ոլորտի բարելավման ուղղությամբ։

--00--ԱՀ