Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրությունը հետևանք չի ունենա, ՔԿ-ն գտնվում է վարչապետի գրպանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

քաղաքական

Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան ձայնագրությունը որևէ հետևանք չի ունենա․ վարչապետի գրպանում գտնվող Քննչական կոմիտեն ինչպե՞ս կարող է կարծիք հայտնել։ Եթե իշխանական «Հանրային»-ը նրան հրավիրում է հարցազրույցի՝ որպես ԲԴԽ պաշտոնակատար, դա ցուցանիշ է, որ նա մնալու է իր պաշտոնին։ Այս մասին 24News-ին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Երեկվա հարցազրույցից հետո Գագիկ Ջհանգիրյանը ամբողջ Հայաստանի համար լինելու է «իզգոյ», իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իրեն ոչ մեկը չի լիազորել, իր նախաձեռնությունն է եղել, որ Վարդազարյանին համոզի հրաժարական տալ, պարզ է, որ նա չէր ասելու, որ վարչապետն է իրեն դրդել, նա արդարանում է և ունի վարչապետ կոչեցյալի «դաբրոն», որ մնալու է իր պաշտոնին»,- ավելացրեց նա։

Դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ջհանգիրյանը նշում էր՝ եթե գործը քննվի, Քննչական կոմիտեն ձախողված է լինելու, այն պետք է քննի Հակակոռուպցիոն կոմիտեն, Իշխանյանը նշեց, որ կարևոր չէ, թե գործը ուր կուղարկվի, որովհետև իրավապահ կոչված մարմինները գրպանային են, և այդ գործը հետևանք չի ունենալու։

«Երբ լսում ես ձայնագրության վերաբերյալ պաշտոնական անձանց՝ արդարադատության փոխնախարարի, պատգամավորների, նախագահի բացատրությունները, զարմանում ես, որ նրանք պետական գործիչներ են։ Նույնիսկ այնքան համարձակություն չունեն, որ կարծիք հայտնեն, մեկ վայրկյան չեն մնա այդ պաշտոնին, կամ նրանց նկատմամբ քրեական գործեր կառաջադրվեն։ Նույնիսկ չեմ ուզում քննարկել նախագահ կոչեցյալի խոսքերը, թե չի կարող միջամտել դատաիրավական հարցերին, չէ՞ որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ նա պետք է հետևի Սահմանադրությանը, իսկ այդ ձայնագրությունը ցույց է տալիս, որ դատաիրավական համակարգը գտնվում է վարչապետի գրպանում։ Պարզ է, վարչապետի նշանակված նախագահը ինչպե՞ս կարող է նման բան ասել, հաջորդ օրը նրան կհանեն և նախագահ կնշանակեն Խաչատուր Սուքիասյանին»,- ավելացրեց Իշխանյանը։

Հերմինե Միքայելյան