ՄԽ-ն ռեանիմացիայի ենթարկելով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են հնարավորինս կրճատել ռուսական ազդեցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

քաղաքական

Լավրովն արձանագրել է այն, ինչը որ կա․ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կար, բայց դե ֆակտո մեռել էր, դա տեսել ենք 2019-ին, դա տեսել ենք 2020-ին 44-օրյա պատերազմի շրջանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարություններին։

«Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սակայն եվրոպացիները ընդունում են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք հայտարարությունները հիմք են հանդիսանում մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար», - այս մասին ուրբաթ օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր Լավրովը։

Քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը նշեց, որ արդեն 4-5 ամիս ՄԽ գործունեության վերաբերյալ դիսկուրսն ընթանում է։ «Ուկրաիանական պատերազմով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները դարձան թշնամական։ Եվ ըստ էության, ՄԽ համանախագահության մեջ ընդգրկված 3 պետություններից 2-ը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, փաստացիորեն պատերազմական գործողություններում աջակցում, զինում են ուկրաինական կողմին։ Բնականաբար անտրամաբանական կլինի, որ նման իրավաքաղաքական հարաբերություններում գտնվող երկրները, որոնք միմյանց նկատմամբ կիրառում են ամենակոշտ պատժամիջոցները և նույնիսկ պատերազմական հռետորաբանությունը, կարող են նստել և մի ձևաչափում քննարկել էթնոքաղաքական հակամարտություն կամ տարածաշրջանային բարդ խնդիրներ»։ 

«Հակառակ Լավրովի, Արևմուտքն անընդհատ բարձրաձայնում է, որ ՄԽ-ն գործում է։ Եվ դրա հետ համաձայն է նաև Հայաստանի դիվանագիտությունը։ Ռուսական կողմը փորձում է տարածաշրջանայն գործընթացներից ընդհանրապես դուրս մղել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Եվ դա բխում է հետխորհրդանին տարածքում ռուսական ազդեցության վերականգնման ռազմավարությունից։ Հակառակ դրան, ՄԽ-ն ռեանիմացիայի ենթարկելով՝ Միացյալ Նահագները և Ֆրանսիան փորձում են հնարավորինս կրճատել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում, կոնկրետ Հարավային Կովկասում», - ընդգծեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչը։

Ըստ քաղաքագիտության դոկտորի՝ պետք է շատ լավ ըմբռնել, որ հայտարարություններով, թղթերով, միջոցառումնեով չի որոշվում իրական քաղաքականությունը։ «Իրական քաղաքականության հիմքը տնտեսական, էներգետիկ ազդեցության լծակներն են և առաջին հերթին զինված ուժերը։ Իսկ եթե նայենք՝ այս երեքը ո՞ւմ ձեռքին են Հարավային Կովկասում, դրանք ՌԴ-ի ձեռքում են։ Հարց լուծողը Ռուսաստանն է։ Եվ դա արդար լինի, թե չէ, ՄԽ-ի հետ հույսեր կապենք, թե չէ, մեր իրական, պրագմատիկ քաղաքականությունը մեզ հուշում է, որ մենք առայժմ պետք է գնանք ռուսական հունով», - եզրափակեց Քեռյանը։

--00--ՏՏ