Վարդազարյանը չի մեկնաբանում Ջհանգիրյանի՝ Հ1-ի եթերում հնչեցրած հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

հասարակական

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի մեկնաբանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունները։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ մինչեւ իր՝ ԲԴԽ գալը ամբողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ, որ դա կատարվում էր Ռուբեն Վարդազարյանի պաշտոնավարման ընթացքում, և նրա դեմ երբևէ չի արտահայտվել։ «Ես խնդիր էի դրել, որ Վարդազարյանը կամավոր, իր դիմումի համաձայն լքի նախագահի աթոռը, և խորհուրդ եմ տվել մեկ այլ նախագահ, որովհետեև պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ», - ի թիվս այլնի նշել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ իր և Ջհանգիրյանի խոսակցությունից ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, քաղաքական հայտարարություններ է անում։

Նույն օրը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԳԽ-ում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ «նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա»:

Սերգեյ Առաքելյան