ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Դոլարի անկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի արտարժույթի շուկայում կա դոլարի ավելցուկ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքի խնդրին։
Ըստ Rate.am կայքի՝ 1 ԱՄՆ դոլարի առքը 401-404 դրամ է։
Ըստ նրա՝ Հայաստանի կենտրոնական բանկը, որը պետք է այդ ավելցուկը հաներ շուկայից կամ հոսքերը կառավարեր, որ դոլարը կտրուկ չիջնի, ուղղակի մի կողմ է քաշված։
«ԿԲ-ին ձեռնտու է թանկ դրամի քաղաքականությունը։ ԿԲ-ն այս տարի իր համար նախանշել է 5․5 տոկոս գնաճ, ակնհայտ է, որ ինքն իր այդ գնաճին չի կարողանալու հասնել։ Թանկ դրամի միջոցով փորձում է զսպել աճող գնաճը։ Հունվար-մայիս ամիսներին ունենք 7․7 տոկոս գնաճ, և ակնհայտ է, որ եթե դրամը չարժևորվեր, 500-ից չհասներ 400 դրամ, գնաճը կլիներ երկնիշ, օրինակ՝ 10 տոկոսից ավելի։ Ապրանքների գները թանկանում են անկախ նրանից, թե ինչ փոխարժեք է շուկայում։ Դա պայմանավորված է թե՛ նրանով, որ արտաքին շուկայում են պարենային ապրանքները թանկացել, թե՛ Հայաստանում մրցակցային իրավիճակով, որ այստեղ ունենք մենաշնորհներ։ Ունենք տնտեսվարողներ, որոնք գին են թելադրում, ուշադրություն չեն դարձնում փոխարժեքին և հնարավորինս քամում են իրենց օգուտն այս պայմաններում», - նշեց տնտեսագետը։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ բարձր գնաճից օգտվում է նաև պետությունը։ «Եվ կառավարությունն ավելի հարկեր է հավաքագրում։ Որքան բարձր է գնաճը, այնքան բարձր են հարկերը, այս բարձր գնաճի ֆոնին բարձր հարկերի հավաքագրումը ցույց է տրվում հանրությանը որպես մեծ ձեռքբերում։ Սա արվում է բնակչության հաշվին, այսինքն՝ բնակչությունն իր խնայողությունները ծախսում է այս կամ այն առաջին անհրաժեշտության ապրանքը ձեռք բերելու համար։ Մարդիկ օր-օրի աղքատանում են, նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրության, որ առկա է 10 տոկոս միջին անվանական աշխատավարձի աճ, հիմնական աճն ապահովել են ԱյԹի, բանկային համակարգի ոլորտները», - հավելեց նա։
«Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն էր կատարվել նաև Հայաստանում։ Եվ պարզվել էր, որ վերջին 3 ամիսների ընթացքում 80 հազարով ավելացել է թերսնվող մարդկանց թիվը Հայաստանում։ Սա բավականի մտահոգիչ թիվ է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում միջին աղքատությունը 2020 թվականի պաշտոնական տվյալներով կազմում է 27 տոկոս, իսկ չափավոր աղքատությունը մոտ 50 տոկոս։ Այսինքն՝ մեզ մոտ աղքատության թիվը շարունակաբար աճում է, կենսամակարդակը վատթարանում է», - եզրափակեց Սուրեն Պարսյանը։
--00--ՏՏ