Նոր որոշում. Էկվադորի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց վիզայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

default (2).jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստան առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Էկվադորի Հանրապետության հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։

Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում, բացառությամբ փոքր խմբի (25 երկիր, այլոց թվում Աֆղանստան, Պակիստան, Սիրիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Շրի Լանկա, Հյուսիսային Կորեա, Իրաք, Կուբա, Վենեսուելա, Հաիթի և մի շարք աֆրիկյան երկրներ)։

Հայաստանը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։

Որոշման ընդունումը թույլ կտա Էկվադորի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

--00—ՀԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր