Իյա, լու՞րջ. ոնց ուզեմ, կխոսամ. քաղաքապետարանում լարվեց, սկզբից բարձրախոս անջատեցին, հետո ընդմիջեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Չի կարող այս նախագիծը քվեարկվել, Իրավաբանական վարչությունը նույնիսկ չի նայել, որը պարտավոր էր անել, որովհետև կանոնադրությունների իրավական կողմն էլ պետք է նայեն։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագծին:

«Փաստացի, ի սկզբանե, երբ այս նախագիծը եկավ, Դուք, պարոն քաղաքապետ, շպրտեցիք, բարձր տոնից ասացիք՝ այստեղ չկա հիմնավորում։ Մի հատ համեմատեք, տեսեք՝ ինչ է փոխվել։ Մի քանի ուրիշն էլ ավելացել է, դարձել է փաթեթ, չի փոխվել, ուղղակի փաթեթ է դարձել»,-ասաց ավագանու անդամը։

Նրա ձևակերպմամբ՝ եթե այդ նախագծին քվեարկեն, այդ նախագիծը գրողն է կրում պատասխանատվություն՝ իրավական առումով։

«Ես վստահ ասում եմ, որ դիմելու եմ դատարան այս որոշումը չեղարկելու համար»,-նշեց Անի Խաչատրյանը։

Այնուհետև, անդրադառնալով նախագծի հեղինակ Արման Անտոնյանի ելույթին, Խաչատրյանն ասաց․

«Պարոն Անտոնյան, եթե ես ձեր մահափորձում ներգրավված լինեի, չէի վրիպի, և Դուք այս դահլիճում չէիք լինի»։

Իրավիճակը դահլիճում լարվեց, լսվեցին գոռգոռոցներ․

«Չի կարելի»,-փորձեց իրավիճակը վերահսկել քաղաքապետը։

«Ես եմ որոշում իմ կարելիները»,-արձագանքեց ավագանու անդամը։

Բարձրախոսն անջատեցին, հետո ընդմիջեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՀԶ