Օսվենցիմում էլ մարդիկ իրավունքներ ունեին. Արցախի ԱԳ նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Հայաստանի իշխանությունները չեն ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, բայց ով էլ ասի, անգամ աշխարհը, մեզ համար դա անընդունելի է։ Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «մեզ համար լուծում պետք է լինի Արցախի այն կարգավիճակը, որը կերաշխավորի արցախահայության ազատությունները, իրավունքներն ու անվտանգությունը»։ 

«Չեմ պատկերացնում, որ Հայաստանի որևէ ղեկավար քայլեր անի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Չեմ պատկերացնում և չեմ էլ ուզում պատկերացնել։ Ձեզ պատկերավոր օրինակ բերեմ՝ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը։ Այնտեղ մարդիկ ունեին որոշակի ազատություններ՝ քնելու մեկ ժամ, զբոսնելու։ Այ Արցախի վիճակը դրանից ավելի վատ է լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք դե ֆակտո անկախ երկիր ենք ու շարունակելու ենք մնալ անկախ։ Եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, այդ խաղաղության պայմանագրի տակ Արցախն էլ պետք է ստորագրի։ Բայց մենք երբեք չենք տեսել ու չենք տեսնելու Ադրբեջանի կազմում։ Ինչի՞ մասին պետք է բանակցենք Ադրբեջանի հետ՝ մտնե՞լ իրենց կազմի մե՞ջ։ Իրենք փակել են այդ էջ, մենք էլ ենք փակել այդ էջը», - ասել է նա ։ 
Ըստ Բաբայանի, Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ «Չեն հայտարարել, և կարծում եմ, որ չեն էլ հայտարարի։ Բայց աշխարհն էլ ասի՝ մտեք Ադրբեջանի կազմում, չենք մտնելու։ Ի՞նչ պետք է անեն՝ կոտորե՞ն մեզ։ Ավելի լավ չի՝ կոտորեն, տղամարդավարի կոտորվենք, քան ստրուկ դառնանք։ Սա է լինելու վիճակը, Երևանն էլ ենք կորցնելու», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։