Արդեմ Փաթափությանին էկոնոմիկայի նախարարությունում հանձնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 19, 24News

355144ae-47f1-4335-941d-28105db8af23.jpg

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանի՝ Հայաստան այցի շրջանակում պաշտոնական վերջին հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում էր։

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Արդեմ Փաթափությանին «Գիտության և Գործարարության օրեր» միջոցառմանը  մասնակցելու հրավերն ընդունելու համար և ավելացրել․ «Մենք հասկանում էինք, որ Ձեր այցը, մասնակցությունը համաժողովին, բազմաթիվ հանդիպումները և ելույթները տոն են դարձնելու  մեր նախաձեռնած Գիտության և գործարարության օրերը, սակայն չէինք կարող պատկերացնել, որ այսքան լավատեսություն կբերեք Ձեզ հետ և Ձեր օրինակով կոգևորեք բոլորին՝ մեծից փոքր, ավելի տեսանելի կդարձնեք այն ճշմարիտ ուղին, որով ազգովի պիտի գնանք դեպի հաջողություններ և առաջընթաց»։

Արդեմ Փաթափությանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընունելության համար, նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ստացած տպավորություններն իրեն նոր ուժ են հաղորդել գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ ունենալու համար։ Նա նաև հավելել է, որ հատկապես տպավորված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մարտիրոս Սարյանի տուն-թագարան այցելություններով։

Հանդիպման ընթացքում նախարարության աշխատակիցներն Արդեմ Փաթափությանին ուղղել են հարցեր՝ կապված գիտության զարգացման, մարտահրավերների, իր առջև դրված նոր նպատակների և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արմինե Խառատյանը էկոնոմիկայի նախարարության կողմից Արդեմ Փաթափությանին է հանձնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալ և նվիրել «Ծայրագույն պատրիարքներ և կաթողիկոսներ ամենանայն հայոց» գիրքը։ Արմինե Խառատյանը նորանոր հաջողություններ է մաղթել Արդեմ Փաթափությանին՝ նշելով, որ հպարտություն է մեծ բեմերից հայազգի գիտնականի անունը լսելը։

--00—ՀԶ