Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները շնորհավորել են երեխաներին հունիսմեկյան միջոցառումների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն հովհաննիսյանը և Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այցելել են քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների վայրեր և շնորհավորել երեխաներին։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական միջոցառումներով էր փոքրիկներին դիմավորում Երևանի կենդանաբանական այգին: Զվարճալի խաղեր, տիկնիկային թատրոն, համերգային ծրագիր. տոնական ցանկը հագեցած էր ու հետաքրքիր: Բազմաթիվ այցելուների հետ միասին կենդանաբանական այգի է այցելել նաև Երևանի քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը շրջել է հանգստի գոտում, զրուցել բնակիչների հետ, շնորհավորել տոնական օրվա առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հունիսի 1-ի միջոցառումների շրջանակում Դիանա Աբգարի անվան պուրակում էլ փոքրիկներին մեկտեղել էին առանձնացված տաղավարները: Մինչ օրվա գլխավոր՝ համերգային ծրագրի մեկնարկը, երեխաները հնարավորություն ունեին ներկել արձանիկներ, նկարել, պատրաստել սլայմ, փուչիկներով պատկերներ ստեղծել: Տոնական տաղավարներով շրջել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Շնորհավորելով փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Լևոն Հովհաննիսյանը մաղթել է նրանց խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն:

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են այցելել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը: Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետի տեղակալը նվերներ է հանձնել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին, ծանոթացել նրանց բուժման ընթացքին ու առողջություն մաղթել փոքրիկներին: Գևորգ Սիմոնյանը տեսակցել է նաև Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևին, հանձնել նվերներ, շնորհավորել տոնական օրվա առթիվ:

--00--ԱՀ