«Գազպրոմ»-ը մայիսի 31-ից դադարեցնում է գազի մատակարարումը Նիդեռլանդներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Գազպրոմ

Հոլանդական «GasTerra»-ն տեղեկացրել է «Գազպրոմ Էքսպորտին», որ մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլով: Մայիսի 30-ին՝ օրվա վերջի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ»-ը ընկերությունից ապրիլին գազի մատակարարման համար վճար չի ստացել և մայիսի 31-ից կդադարեցնի մղումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունում:

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԵՄ երկրներին մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակին անցնելու մասին: Նշվել է, որ եթե այդ երկրները գազի դիմաց ռուբլով չվճարեն, ապա կհամարվի, որ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել:

--00--ԱՀ