Արցախի մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումն արդի ամենակարևոր հիմնախնդիրներից է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Արցախ հուշարձաններ

Արցախի մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումն արդի  ամենակարևոր հիմնախնդիրներից է։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

«Մենք կորցրել ենք 114 մշակութային ու կրթական հաստատություններ, մեր թանգարանային ցուցանմուշները, 109 եկեղեցի, 14 վանք, 16 մատուռ, 14 սրբատեղի, մենք զրկվել ենք մեր պատմական Արցախի տարածքի մեծագույն հատվածից, և մեր մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը արդի ամենակարևոր հիմնախնդիրն է:

Այս պարագայում, երբ ողջ աշխարհը դիտում է, թե ինչպես են մեր պատմական հուշարձաններից ջնջվում հայկականության հետքերը, փորձում ջնջել մեր հիշողությունը, մեզ համարում էթնիկ խումբ` հետ գնալով մեկ հարյուրամյակ՝ դեպի 1920-1923 թվականների միջազգային կոնֆերանսների ընդունած որոշումները, ապա մեր մշակութային արժեքների պահպանումն անչափ կարևոր է դառնում, որով մեզ աշխարհը ճանաչում է և որով մենք կարող ենք և մնում ենք հայ»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ մշակութային ոլորտում կատարվել է ահռելի աշխատանք, իսկ մեկնարկած բոլոր միջոցառումները կշարունակվեն նաեւ ընթացիկ տարվա ամռանն ու աշնանը:

--00--ԱԱ