Ավարտվել են Արցախի 2021-ի բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

տնտեսական

Մայիսի 24-ին հրավիրվել է պետաիրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են պետական կառավարման մարմինների, արդարադատության համակարգի ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակազմերի կատարողականները:

Նիստին ներկա էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

ԱՀ նախագահի աշխատակազմի բյուջեն նախատեսված էր 756 մլն ՀՀ դրամի չափով, փաստացի ծախսվել է 678 մլն ՀՀ դրամ, կատարողականը՝ 89.6 տոկոս: Բյուջեի գերակշիռ մասը ուղղվել է աշխատավարձերի վճարմանը: Տնտեսումը կազմել է 78 մլն ՀՀ դրամ:

ԱԺ աշխատակազմի ճշտված բյուջեն 687 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 684 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 99.6 տոկոս: 601 մլն ՀՀ դրամը ծախսվել է «Աշխատավարձ և դրան հավասարեցված հոդվածներ» տողով:

Պետական նախարարի աշխատակազմի ճշտված բյուջեն 166 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 161 մլն ՀՀ դրամ գումար, որից 123 մլն-ը ուղղվել է աշխատավարձերի վճարմանը, բյուջեի կատարողականը  կազմել է  87.5 տոկոս:

ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության բյուջեի ճշտված նախահաշիվը 329 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 270 մլն-ը, որից 212 մլն-ը ուղղվել է աշխատավարձերին, կատարողականը կազմել է 82.2 տոկոս:

Արդարադատության նախարարության ճշտված պլանը 385 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 443 մլն ՀՀ դրամ: Տարբերությունը պայմանավորված է արտաբյուջետային մուտքերով: Կատարողականը կազմել է 401 մլն ՀՀ դրամ:

Դատական համակարգի  բյուջեն 651 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 602 մլն ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 92.5 տոկոս:

Դատախազության բյուջեն 558 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 481 մլն ՀՀ  դրամ, տնտեսվել է 77 մլն ՀՀ դրամ:

Համատեղ նիստն այնուհետև շարունակվել է ԱՀ քննչական կոմիտեի, հաշվեքննիչ պալատի, մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021թ․ բյուջեի կատարողականների հաշվետվությունների ներկայացմամբ։

2021թ․ պետական բյուջեի միջոցներից ԱՀ քննչական կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսվել էր 354 մլն 915,200 հազ դրամ, որից փաստացի ծախսվել է 330 մլն 987,861 հազ ՀՀ դրամ կամ՝ 93,2 տոկոսը։ Տնտեսված գումարի չափը կազմել է 23 մլն 927,339 հազ  ՀՀ դրամ։ 2020թ․ համեմատ կոմիտեի 2021թ․ փաստացի ծախսերը աճել են 43 մլն 525,315 հազ ՀՀ դրամ։

ԱՀ հաշվեքննիչ պալատի պահպանման ծրագրով ԱՀ 2021թ․ պետական բյուջեով հատկացվել էր 154 մլն 381,6 հազ ՀՀ դրամ, տնտեսումը կազմել է 26 մլն 5 հազ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանում պալատի փաստացի ծախսը կազմել է 128 մլն 152,6 հազ․ դրամ։ Նշված ծրագրով 2021թ․ փաստացի ծախսը 2020թ․ համեմատ նվազել է 4 մլն 811․1 հազ ՀՀ դրամով, կամ՝ 3,6 տոկոսով։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2021թ․ բյուջեով  հատկացվել էր 63 մլն 696,5 հազ ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսավորումը և համապատասխանաբար դրամարկղային ու փաստացի ծախսերը կազմել են 49 մլն 315,9 հազ․ ՀՀ  դրամ կամ նախատեսված բյուջեի 77,4 %-ը, իսկ տնտեսումը կազմել է  14 մլն 380,6 հազար դրամ կամ՝ 22,6%։

Քաղաքացիական ծառայության խորհրդի 2021թ ծախսերը կազմել են 103․7 մլն ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 99,6 մլն  ՀՀ դրամ, կամ կատարողականի 96 տոկոսը։ Պահպանման ծախսերի տնտեսումը կազմել է 4 մլն ՀՀ դրամ։

2021թ․  ԱՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովին  պետական բյուջեից միջոցներ են հատկացվել 2 ծրագրի իրագործման համար։

«Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի համար 2021թ պետական բյուջեով նախատեսվել էր 76 մլն 443 հազ․ ՀՀ դրամ, փաստացի ծախսը կազմել է 64 մլն 499 հազ․ դրամ, տնտեսումը՝ 11 մլն 943․6 ՀՀ հազ դրամ։

«Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված 5 մլն 22,7 հազ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 4 մլն 779․7 ՀՀ դրամ, տնտեսումը կազմել է 243 հազ ՀՀ դրամ։

--00--ԿԿ

Տեսանյութեր