ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են 2021թ․ բյուջեի կատարողականները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

AN4-1.jpg

ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները։ Մայիս 23-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

2021 թվականին վարած սոցիալական քաղաքականությունը  ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ոլորտին է ուղղվել պետական բյուջեի 25.6 տոկոսը, ճշտված բյուջեն 25 մլրդ 865 մլն ՀՀ դրամ է, փաստացի ծախսվել է 23 մլրդ 303.9 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:

Կենսաթոշակի վճարման մասով կատարողականը 100 տոկոս էր, նպաստներինը՝ 94.6 տոկոս:

«Աջակցություն սոցիալապես անապահովներին» ծրագրով նախատեսված էր 90 մլն դրամ, փաստացի ծախսվել է 37 մլն դրամ: Նախարարը թերակատարումը հիմնավորեց այն հանգամանքով, որ 2021 թվականին  գործել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, ուստի այս հոդվածով նախատեսված ծախսերը լրիվությամբ չեն իրականացվել:

նտանիքի կարիքների գնահատման ծրագիրը իրականացվել է 50 տոկոսով, քանի որ ծրագրի մի մասը իրագործվել է բարեգործական միջոցներով ու միայն  տեղահանվածների կարիքներն է գնահատվել:

2021 թվականին սոցիալական աշխատողի ինստիտուտն է ներդրվել, նախարարի խոսքով՝ գերատեսչություն մուտք գործած յուրաքանչյուր դիմումի իսկությունը ստուգվում է:

ԱՀ առողջապահության նախարարության բյուջեն 12 մլրդ 587 մլն ՀՀ դրամ էր, ճշտված բյուջեն՝ 12 մլրդ 270 մլն, կատարողականը կազմել է 72,3 տոկոս:

Նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է ծախսային հոդվածները:

«Մասնագիտացված բժշկական ծառայություններ» հոդվածով կատարողականը 85.5 տոկոս էր, հիվանդանոցային ծառայությունների կատարողականը 88.2 տոկոս էր, անհետաձգելի բժշկական օգնության կատարողականը 87.3 տոկոս էր, մոր և մանկան կենտրոնների կատարողականը 87.7 տոկոս էր: «Դեղորայքների ձեռքբերում կենտրոնացված ձևով» հոդվածով նախատեսված 768 մլն դրամի դիմաց փաստացի ծախսվել է 64.4 մլն դրամը:

«Պահանջվող դեղորայքը ձեռք է բերվել բարեգործական խողովակներով»,- հիմնավորեց նախարարը:

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության բյուջեն 25,3 մլն դրամ էր, որի 96,7 տոկոսը ծախսվել է աշխատանքի վարձատրության վրա: Կատարողականը կազմել է 94.7 տոկոս: Իրականացվել է թվով 4 հետազոտություն:

Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Ամփոփելով նիստը՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը շեշտել է, որ սոցիալական ծրագրերը պետք է լիարժեք հասնեն հասցեատերերին, ու տնտեսումը նախընտրելի չէ:
 
--00--ՀԶ             
 

Տեսանյութեր