Արցախում իջևանած արշավախմբի կորած անդամը հայտնաբերվել է. նա մոլորվել էր անտառում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

237504 (1).jpg

Այսօր ժամը 07:30-ի սահմաններում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին:

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ ձեռնարկված որոնողակա-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է, մայիսի 22-ին անհետացած, ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և քաղաքացուն նշված տարածքից ուղեկցել անվտանգ տեղամաս, որից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։

Պարզվել է, որ Ս.Մ.-ն տեղանքում չկարողանալով կողմնորոշվել կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան 07:30-ի սահմաններում Ս. Մ-ն նկատելով ճանապարհը դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:

Նշենք, որ մայիսի 22-ին, ժամը 02:15-ին մեկնարկած որոնողական աշխատանքներին այսօր 06:30-ի սահմաններում ներգրավվել են նաև ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի և առանձին ջոկերի հրշեջ-փրկարարները և ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր:

--00--ՀԶ