«Բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»․ ինչու կրկին «Ֆակտորի փրոդաքշնը»․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում: Թեեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Գյումրու դրամատիկական թատրոնից սրընթաց կերպով Երեւանի քաղաքապետի տեղակալի աթոռին հասած Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր լուրն այսպես մեկնաբանեց. «ՀՀ-ում 100-ավոր ընկերություններ տարբեր օրերի դրամաշնորհներ են շահում, ու, բնականաբար, որեւէ ընկերության հետ կապ չունեմ»:

«Մեր տեղեկություններով՝ թեեւ փաստաթղթերում Ձեր ընկերների անուններն են գրանցված, Դուք ընկերության փաստացի հիմնադիրներից ու դերակատարներից եք»,- նկատեցինք մենք:

«Ես տասնյակ ընկերներ ունեմ, որոնք տասնյակ ընկերություններ ունեն տարբեր ոլոտներում՝ սննդի, մշակութային սպասարկման եւ այլն: Այդ ընկերները տարբեր ոլորտներում մասնակցում են տարբեր «տենդերների»: Օրենքով արգելվա՞ծ է ընկեր ունենալ, որ կարող է որեւէ տեղ որեւէ տենդերի մասնակցել»,- նշեց նա:

Իհարկե, օրենքով ընկերներ ունենալն արգելված չէ, բայցեւ, համաձայնեք, տարօրինակ է, որ «շա՜տ պատահականորեն» պետական նշանակության կարեւորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումները միշտ նույն՝ Հանրային ՀԸ-ի գլխավոր պրոդյուսերի հետ կապվող ընկերությունն է հաղթում:

Օրինակի համար նշենք, որ 2019-ի Ամանորին հենց «Ֆակտորի»-ն է 24 միլիոն դրամով վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: 2018-ին էլ «Ֆատկորի»-ին է վստահվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ն է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Եվ այստեղ, ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ