Ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Արայիկ Հարությունյան

Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով, Եվրոպայի երևանյան մրցաշարը նոր նշաձող կսահմանի:

«Մենք նմանատիպ խոշոր մարզական իրադարձություն վաղուց չենք հյուրընկալել Հայաստանում և թե´ պետությունը, թե´ ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը` մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այն գնահատականները, որ ստանում  ենք միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հարությունյանը: Նա շեշտել է, որ բոլոր մասնակից պատվիրակությունների և մարզիկների մասին հոգ տարված է:

«Մենք տրամադրված ենք լավագույն արդյունքներից մեկը սահմանելու Եվրոպայի այս առաջնությունում:  Առաջնության ընթացքում բռնցքամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչներին կհյուրընկալենք Հայաստանում»,- ասել է նա:

Արայիկ Հարությունյանը չի նշել բացման արարողության վերաբերյալ մանրամասները, սակայն ընդգծեց, որ շոուն լինելու է Հայաստանում վերջին տարիներին կազմակերպված միջոցառումների ավանդույթներով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները` կկայանան 30-ին:

--00--ԱԱ