Նախագահը պետական պարգև է հանձնել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով:

Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը, որը լավագույնս է արտահայտում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Ժոզե Ավելինու Բետանկուրի ունեցած նշանակալի ավանդը։ «Համոզված եմ, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար որևէ խոչընդոտ չի առաջանա, քանի որ դա երաշխավորվում է ամենաբարձր մակարդակով և այնպիսի մարդկանց մասնակցությամբ ինչպիսին Դուք եք»,- ասել է նախագահ Խաչատուրյանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին:

Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի նախագահի կողմից նման պարգևի արժանանալ:

--00--ԱՀ