Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում»․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ավետիք Չալաբյան ասուլիս

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, այսպես կոչված, «1000 դրամների» գործով ձերբակալվեց, ապա և դատարանի որոշմամբ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, այլև իրավաբաններից շատերն այս գործը համարում են բացառապես քաղաքական ու «սարքված» հենց իշխանությունների կողմից: Չալաբյանն ինքն էլ նախօրեին հայտարարություն տարածեց, որ գործում «բացակայում է որևէ իրական հանցակազմ, և միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Չալաբյանին ազատությունից զրկելու իշխանության որոշումը անհանգստացրել ու զայրացրել է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք խոշոր կառույցների ու կազմակերպությունների: Ընդ որում, խոսքը ոչ միայն McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության մասին է, որի նախկին ավագ տնօրենն է եղել Չալաբյանը, այլև ոչ պակաս հայտնի ու հեղինակավոր այլ կազմակերպությունների Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, եվրոպական մի շարք երկրներից:

Բանն այն է, որ Չալաբյանը բավականին լուրջ հեղինակություն և կապեր ունի նաև միջազգային «արենայում», և նրա նման պրոֆեսիոնալ, հարգված, պահանջված մասնագետի հանդեպ նման վերաբերմունքը չէր կարող անտարբերության մատնվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կազմակերպություններից լուրջ ճնշումներ են սկսվել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ իրենց անհանգստությունն ու զայրույթն արտահայտելով Չալաբյանի հանդեպ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումների կապակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ