Վահան Քերոբյանն Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

281715422_393733809462675_2524401268360810478_n.jpg

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը, գյուղատնտեսության ավագ մասնագետներ Յան Յուստ Նեյհոֆը և Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև CARMAC2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով 2015 թվականից հանրապետությունում մեկնարկած CARMAC2 ծրագիրը։

Այնուհետև Դավիթ Մեջլումյանը համառոտ ներկայացրել է CARMAC2 ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու արդյունքները։ Նա նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ 8 մարզի 109 համայնքում/բնակավայրում հիմնադրվել են Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ՝ ընդգրկելով շուրջ 10,600 տնտեսություններ։

Ծրագրով 95 համայնքների արոտներում կառուցվել է շուրջ 250 կմ ջրարբիացման ցանց, 235 խմոց, 46 փարախ և 42 հովվի կացարան։ Կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 1000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 205 միավոր տրակտոր, 112 հավաքիչ մամլիչ և 683 այլ գործիք։

Բացի այդ, կոոպերատիվների 3500 անդամի համար կազմակերպվել է ուսուցում՝ արոտների կայուն կառավարման, կթի, մորթի կազմակերպման, ֆինանսական և սոցիալական թեմաներով։

Դավիթ Մեջլումյանը նաև տեղեկացրել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում շուրջ 130 հազար հեկտար չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտավայրեր ջրարբիացվել են, իսկ այն համայնքներում, որտեղ արոտավայր տանող ճանապարհները անանցանելի են եղել, բարեկարգվել են։

Այնուհետև պատվիրակության անդամների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները հատկապես այն ուղղություններով, որոնք համահունչ կլինեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը։ Անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության խնդիրներին, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը, պետական աջակցության գործիքակազմի կիրառմանը։

Քննարկվել են նաև լոգիստիկ խնդիրների կարգավորմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանն ու նոր շուկաներ մուտք գործելու նպատակով արտահանմանման դիվերսիֆիկացմանн առնչվող մի շարք հարցեր։

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) հիմնական նպատակն է բարելավել թիրախային համայնքներում արոտավայրերի և անասնապահության համակարգերը, հաստատել արտադրողների և վերամշակողների կապը շուկաների հետ, ինչպես նաև հզորացնել պետական ոլորտի կառույցների կարողությունները։

Ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները՝ համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր, արժեշղթայի զարգացում, պետական կառույցների կարողությունների հզորացում, ծրագրի համակարգում և կառավարում։

 --00--ՀԶ