Լոմով հարվածել են բժշկի ծոծորակին․ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը՝ միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

հասարակական

47-ամյա կնոջ ամուսինը և տղան հարբած վիճակում հարձակվել են շտապօգնության բժշկի և վարորդի վրա, լոմով հարվածել են բժշկի գլխին։ Այս մասին 24News-ին ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով Արհեստավորների փողոցի սեփական տներից մեկում տեղի ունեցած բռնության դեպքին։

«Բրիգադը գնացել է կանչի, հիվանդը 47-ամյա կին էր։ Բրիգադն օգնություն է ցուցաբերել կնոջը։ Երբ բժիշկը աշխատել է հիվանդի հետ, կնոջ հարազատները հարբած վիճակում անընդհատ միջամտել են, բժիշկն ասել է․ «Թողե՛ք, իմ աշխատանքը կատարեմ», հետո բժիշկը դուրս է եկել, իրեն հարցեր են տվել, հետո սկսել են հայհոյել, բժիշկը պատասխանել է, նրանք էլ խփել են», - նշեց Ստեփանյանը։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենն ասաց, որ վարորդի վիճակը նորմալ է, իսկ բժշկի քիթն է կոտրվել, ծոծորակն է վնասվել, «որովհետև լոմով հարվածել են ծոծորակին»։

Ստեփանյանը դժվարացավ նշել, թե որն է միջադեպի պատճառը։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ կենտրոնական բաժին այս միջադեպի առթիվ ահազանգ է ստացվել, կա բերման ենթարկված անձ, նյութեր են նախապատրաստվում։

--00--ԿԿ