Բռնության ենթարկված շտապօգնության բժիշկն ու վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

l-0x0wh-786x458z-1 (4).jpeg

Երևանում բռնության ենթարկված շտապօգնության բժիշկը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ե՛վ բժիշկը, և՛ վարորդը հետազոտվել են: Նախնական ախտորոշմամբ՝ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին: Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։

Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ամբողջ խստությամբ պատիժ։

Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկինն է, այլև մեր ամբողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Հ․Գ․- Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է»,- գրել է Արմեն Մուրադյանը: 

--00--ՀԶ