Ծավալվում է շարժում, որի ընթացքում պարզ չէ, թե ծրագրային վերջնանպատակը որն է․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

քաղաքական

Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության կողմից կան զգալի բացթողումներ, որոնք հասցրել են այս իրավիճակին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին։

Քեռյանը նշեց, որ հնարավոր չէ մեկնաբանել, թե ինչ հաջողություն կունենա ընդդիմության սկսած Դիմադրության շարժումը։ «Նախ պետք է բավականին խորությամբ նայել շարժման արմատներին, առաջադրվող կարգախոսներին, հանրության ներգրավվածությանը, առայժմ ես կոնկրետ ինչ-որ հետևություններ չունեմ»,-ասաց նա։

Պրոֆեսորի խոսքերով՝ իշխանության բացթողման պատճառն այն է, որ չի բացահայտում՝ ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում Հայաստանը ստորագրել Ադրբեջանի հետ, ի՞նչ պայմաններով, որո՞նք են լինելու Հայաստանի կորուստները և ձեռքբերումները։ «Միաժամանակ ընդդիմությունը, սկսելով պայքարը, ըստ էության պայքարում է մի փաստաթղթի ստորագրման դեմ, որի մասին դեռևս հանրությունը շատ քիչ բան գիտի։ Իհարկե դեկլարատիվ հայտարարություններ կան, օրինակ՝ վարչապետի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով նշաձող իջեցնելու մասին, Ադրբեջանի առաջարկները, Հայաստանի պատասխան առաջարկները, որոնք ադրբեջանական կողմը չի համարում առաջարկներ, երկիմաստ հայտարարությունները, չգաղտնազերծված ձևակերպումները։ Դրա համար ըստ էության ամեն ինչ խառնվել է իրար», - հավելեց Գարիկ Քեռյանը։

«Հասարակությունն, ըստ էության, չի կարողանում հասկանալ շարժման սկզբի հիմնական դրդապատճառը։ Միևնույն ժամանակ իշխանությունը չի գաղտնազերծում փաստաթուղթը։ Այս առումով ստեղծվել է միջանկյալ, հեղհեղուկ իրավիճակ, երբ հնչում են դավաճանության մասին կարգախոսներ, իշխանությունը չի կարողանում դա փաստացիորեն հերքել։ Եվ միաժամանակ ծավալվում է շարժում, որի ընթացքում պարզ չէ, թե ծրագրային վերջնանպատակը որն է», - եզրափակեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչը։