Ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք, մի՛ գերազանցեք արագությունը. Ոստիկանության անդրադարձը

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Ճանապարհատրանսպորտային ամեն մի պատահարի քննության արդյունքում որոշվում է դրա պատճառը։ Զոհերով և վիրավորներով պատահարների հիմնական պատճառներից մեկը շարունակում են մնալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը և արագության գերազանցումը, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար կազմակերպում են ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումներ, որոնց արդյունքը ամենշաբաթյա պարբերականությամբ ներկայացվում է հանրությանը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելուն։

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։ Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա վարորդը 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու զննություն անցնելուց, ապա ենթարկվում է արդեն քրեական պատասխանատվության։
Վարչաիրավական ու քրաիրավական հարկադրանքի միջոցները չարիքի դեմ պայքարելու գործիք են միայն, սակայն փորձը ցույց է տալիս, որ վարորդների մի մասը տուգանվելուց հետո էլ շարունակում է ալկոհոլ օգտագործած մեքենա վարել:

Հարգելի՛ վարորդներ, ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք, մի՛ գերազանցեք սահմանված թույլատրելի արագությունը, վտանգի տակ մի՛ դրեք ձեր, ձեր ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։ Այդ սխալը կարող է ձեր ամենաթանկ մարդկանց կյանքն արժենալ։ Ցավոք, շատերը սա գիտակցում են դժբախտությունից հետո միայն։

--00--ԱԱ