Կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել. Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

na.thumb_.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է միջազգային ջրային հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Հենկ Օվինկի հետ։

Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ջրի կառավարման վերաբերյալ հարցեր։

Հենկ Օվինկին նախարար Սանոսյանին է ներկայացրել իրենց փորձը, ջրի կառավարման ոլորտում մինչ այս իրականացված աշխատանքները, գրանցած հաջողությունները, նորարարական լուծումների կիրառումը։

Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ջրամբարաշինական աշխատանքներ են, կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել և բարելավել ոռոգման համակարգը։

Նախարարն ընդգծել է, որ այդ համատեքստում ողջունելի կլինի Նիդերլանդների հետ համագործակցությունը, միջազգային փորձի, մեթոդների տեղայնացումը Հայաստանում։

Նախարարը նկատել է, որ Նիդերլանդների հետ փորձի փոխանակման հնարավորություններ կան նաև ոռոգման համակարգերի չափագրման, գույքագրման և քարտեզագրման ժամանակակից մեթոդները Հայաստանում տեղայնացնելու հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության այլ հնարավորություններ։

--00--ՀԶ