Սցենարը Արմեն Ռուստամյանը սպոնտան փոխել է, ընդդիմադիր պատգամավորները զայրացել են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

արմեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները կառավարության հետ հարցուպատասխանի օրվա հայտնի միջադեպից հետո թեպետ հայտարարում են, թե ընդդիմադիրները փախուստի դիմեցին՝ չցանկանալով լսել վարչապետի սենսացիոն բացահայտումները, սակայն  ընդդիմությունը նախապես էր որոշել, որ Փաշինյանին ուղղված ժողովրդի ուղերձը հնչեցնելուց հետո ընդդիմադիրները պետք է անմիջապես լքեին դահլիճը՝ չմտնելով իշխանությունների հետ երկխոսության մեջ։ Ավելին՝ խորհրդարանական երկու խմբակցություններում զայրացել են Արմեն Ռուստամյանի պահվածքից, ով ուղերձը դահլիճում սպոնտան վերաձեւակերպել է հարցի եւ Փաշինյանին հնարավորություն ընձեռել մանիպուլացնել եւ պատասխանել տեքստին։ Տեքստը հրապարակելուց հետո հնչեցրած հարցը՝ «Ի՞նչ ունեք Դուք սրա մասին ասելու», նախապես պլանավորված չի եղել։

Մեր աղբյուրներն ասում են, որ նախապես գծված սցենարով Ռուստամյանը չպետք է հարց տար, պետք է կարդար ժողովրդի հրաժարականի պահանջը, ու խմբով հեռանային դահլիճից։ Պատգամավորներից ոմանք անգամ խորհրդարան ու դահլիճ մտնելուն են դեմ եղել, առաջարկել են ուղերձը հնչեցնել ԱԺ դարպասների մոտից, սակայն մեծամասնությունը պնդել է, թե պետք է հանդիսավորություն հաղորդել այդ տեսարանին եւ ուղերձը հնչեցնել դահլիճի ներսում։ Ռուստամյանի անձն էլ հատուկ է ընտրվել, որպեսզի նախ ցույց տան, որ 2018-ին Փաշինյանին ողջունող ՀՅԴ-ն եւ հատկապես Ռուստամյանն է այսօր բարձրաձայնում հրաժարականի պահանջը, երկրորդ՝ ընտրվել էր այնպիսի պատգամավոր, որը ՔՊ-ականների կողմից շատ նեգատիվ վերաբերմունքի չի արժանացել, եւ բախման հավանականությունն էլ փոքր կլիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ