«Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների գողը բացահայտվել է․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Առաջին ահազանգն ապրիլի 3-ին էր: Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Երևանի Արամի փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները գողացել են: Հաջորդ օրը ստացվեց երկու ահազանգ. գիշերը գողացել էին մայրաքաղաքի Աբովյան և Վարդանանց փողոցներում կայանված երկու «Լեքսուսի» կողային հայելիները: Եվս երկու ահազանգ ստացվեց ապրիլի 9-ին՝ երկուսն էլ Արամի փողոցից: Մնացածը նույնությամբ կրկնվում էր: Իսկ Բաղրամյան պողոտայում կայանված «Լեքսուսի» հայելիների գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց ապրիլի 12-ի առավոտյան: Այդ ամբողջ ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկում էին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, նաև մեծացրին գիշերային շրջայցերի աշխարհագրությունն ու ժամանակացույցը: Կասկածից վեր էր, որ բոլոր գողությունները նույն անձանց գործն են: Չէր բացառվում նաև, որ կողային հայելիներից զրկվել էին «Լեքսուս» մակնիշի այլ մեքենաներ, որոնց տերերը հարկ չէին համարել դիմել իրավապահներին:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը տեսանելի դարձավ ապրիլի 13-ին: Ըստ ստացած տեղեկությունների` բոլոր գողությունները կատարել էին Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 34 և 42 երկու տարեկան տղամարդ: Հաջողվեց պարզել նաև, որ նրանք գողոնը վաճառել են Իջևանի 28-ամյա մի բնակչի:

Նորամարգցի տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքում: Նրանք բերման ենթարկվեցին բաժին, որտեղ էլ տվեցին խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գնորդ իջևանցուն հայտնաբերելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ