Սկսված է Արցախի պետբյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

download.jpg

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սկսված է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը:

Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված`

* 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին:

* Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).

* Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ)

* Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ)

* Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց

* Բռնադատվածներին (բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք)

*Հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, Արցախի Հանրապետության Նախագահի կողմից 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք)

*Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած (զոհված) քաղաքացիական անձանց ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք)

*Միայնակ քաղաքացիներին. 63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք։

Ուղեգիր ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ԱՀ ՍԶՄ նախարարության Միասնական Սոցիալական Ծառայության ՝ Արցախի Հանրապետությունում իր հաշվառման վայրը սպասարկող, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում հաշվառված քաղաքացին՝ ցանկացած տարածքային բաժին, ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում գտնվող ՍԶՄ նախարարության աշխատակիցներին:

Առողջարանային բուժումը կիրականցվի Ջերմուկ առողջարանային քաղաքում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 114, 047 94 28 57 հեռախոսահամարներով:

--00--ՀԶ