Ո՞ր երկրի շահերն ենք որոշել առաջ տանել․ Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

քաղաքական

Դիմե՛ք Փաշինյանին կամ կառավարությանը, խնդրե՛ք՝ «միջազգային հանրություն» երևույթի համարն ասեն, որովհետև ես հետագայույմ կարող եմ մտածել, որ դա գուցե իրեն ասել է ընդամենը Ֆրանսիայի համանախագահը։ Այս մասին 24News-ին ասաց 4-րդ նախագահի նախկին խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ «Հակառակ դեպքում», - ասում է միջազգային հանրությունը, - «մեզ վրա հույս չդնեք»», - ասել էր Փաշինյանն Ազգային ժողովում։ 

Քաղաքագետ Թևան Պողոսյանն ասաց, որ չի լսել, որ միջագային հանրությունը հայ ազգին, Արցախի Հանրապետությանն առաջարկի իջեցնել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը․ «Ռուսական կողմն ընդհանրապես ասում է՝ «եկեք խաղաղության հարցը լուծենք, հետ մնացածը կքննարկենք»։ Նաև ասաց, որ Մինսկի խմբի շրջանակում չկա գործընթաց։ Այնպես որ, չէին ասի իրեն [Փաշինյանին] այդպիսի բան։ Ամերիկյան համանախագահության խնդիրներով թե զանգել են, հեռախոսով ասել են, դա միգուցե։ Բայց միջազգային հանրության մեջ մտնո՞ւմ են Ավստրալիան կամ Արգենտինան։ Կասկածում եմ, որ Արգենտինան ասած լինի, իսկ Ավտրալիան մի նահանգ ունի, որ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը»։

Թևան Պողոսյանի խոսքով՝ պարտված իշխանությունից որևէ այլ բան չի կարելի սպասել։ «Գիտեն, որ պարտված իշխանություն է, կարող են ճնշել, ճնշում են։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ անում են, որովհետև մի առաջարկ չէր լինի, եթե չլինեին իրենց շահերը։ Ժամանակին Մինսկի խմբի շահերի մեջ էր, որ Արցախի կարգավիճակ պետք է որոշվեր։ Եթե միջազգային հանրությունն առաջարկել է կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, իսկ Ռուսաստանն ասել է, որ չկա Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործընթաց, ի՞նչ անեն։ Փաստորեն եկել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, փորձո՞ւմ են տեղափոխել մեր մոտ, մե՞զ ներգրավեն դրա մեջ։ Սա բերում է նրան, որ իրենց շահերից է բխում վնասել հայ-ռուսական շահերը տարածաշրջանում»։

«Բացի դրանից, եթե երեկվա ամբողջ ելույթին նայեք, դուք էլ ասեք՝ «երեկ խոսել եք 4 արտասահմանցու հետ, որ ասել են՝ «չէ՛, չհանձնվեք»»: Դա էլ է միջազգային հանրության կարծիք է։ Մենք հիմա միջագայի՞ն հանրության շահերն եք բավարարելու, թե՞ հայկական շահերը։ Հայկական շահերն են՝ Հայաստանի օրենքները, անկախության հռչակագիրը և 1992 թվականի Գերագույն խորհուրդի որոշումը  և այլ բաներ։ Իսկ արդյո՞ք սրա մեջ հաշվի ենք առել Արցախի Հանրապետության շահերը, որի անվտանգության երաշխավորն ենք։ Գնացել-հարցրե՞լ ենք Արցախում ապրողներին։ Փաշինյանն ասում էր՝ «Ես չեմ ընտրվել Արցախից, որ իրենց անունից բանակցեմ», հիմա հարցրե՞լ ենք իրենց ուզածը», - նշեց քաղաքագետը։

«Հայաստանը Մինսկի խմբի համանախագահության բանակցություններում ներգրավված էր Արցախի համար պայքար տանելու համար։ Ամբողջ հարցն այն է՝ ո՞ր երկրի շահերն ենք որոշել առաջ տանել, Արցախի՞ Հանրապետության, հայկակա՞ն, թե՞ որի։ Իսկ մնացածի մասով, նորից եմ ասում, ելույթը նայե՛ք, Դուք էլ ասե՛ք», - եզրափակեց Թևան Պողոսյանը։