Փաշինյանը տպավորություն է ստեղծում, որ վատ չէ լինել Ադրբեջանի կազմում և ուղղակի իրավունքներ ունենալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Արցախ

«Նիկոլ Փաշինյանը հաստատեց այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Նա հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, որ այդքան էլ վատ չէ ապրել առանց կարգավիճակի, ինչը նշանակում է լինել Ադրբեջանի կազմում և ունենալ ուղղակի իրավունքներ՝ մայրենի լեզվի, հավատքի, մշակույթի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի մեջ կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց, ապահովվելու ԼՂ-ի հայության անվտանգությունն ու իրավունքները:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբեր ամսին ասուլիսում խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այն կասկածի տակ է  դրել և Արցախի հայության իրավունքները հավասարեցրել է  ադրբեջանցիների իրավունքների հետ: 

«1991 թվականի դեկտեմբերին ինքնորոշման վերաբերյալ հանրաքվե է տեղի ունեցել և դա միջազգային իրավունք է, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել: Այսօր պետք է խոսել ոչ թե այս հողատարածքում ապրելու իրավունքի, այլ ինքնորոշման իրավունքի մասին և պայքարել Արցախի միջազգային ճանաչման համար: Չի կարող Արցախի կարգավիճակը լինել ապրելու միջոց, պետք է լինի նպատակ, որ կարողանանք ապահովվել մեր անվտանգ ապրելու հնարավորությունը մեր իսկ հայրենիքում»:

Մետաքսե Հակոբյանը խոսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ ասում է, որ ձեր պահանջների նշաձողը պետք է իջեցնել, պատգամավորը նշեց. «Իսկ մինչև որտե՞ղ պետք է իջեցնել այդ նշաձողը, կամ եթե նշաձողն իջեցնենք դրա դիմաց ի՞նք ենք ստանալու, կարգավիճակի կամ ինքնորշման հարցը լուծվելո՞ւ է: Փաշինյանի այսօրվա ելույթից հետո հարցեր ավելացան, նա ասում է, որ մինչև 44-օրյա պատերազմը Արցախի և Հայաստանի անվտանգության խորհրդի համատեղ նիստեր են եղել և հստակ ասվել է, թե ինչ բանակցություններ են ընթանում և ի՞նչ է սպասվում, այսինքն Արցախի իշխանությունն իմացել է, որ պատերազմ է սպասվում: Արվախի իշխանությունը պետք է պարզաբանում տա՝ արդյո՞ք տեղեկացված է եղել պատերազմի մասին»: