Միայն ընդդիմությունն է աշխատում և՛ Արցախում, և՛ Հայաստանում․ արցախցի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Արցախ

Արդեն Հայաստանի իշխանություններն էլ են հասկանում, որ Արցախում և Հայաստանում կա այն ներուժը, որը կարող է պայքարել Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԺ ընդդիմության բոյկոտին և Արցախի գալու հայտարարությանը։

Այսօր ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ Արցախ են մեկնում, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքեցին, որ ընդդիմությունն այս քայլով տորպեդահարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։

Հակոբյանի խոսքերով՝ ընդդիմության գործողությունները Հայաստանի իշխանությունների շահերից չեն բխում։ «Եվ դա բնականաբար իրենց մոտ նաև հիստերիա է առաջացնում, որովհետև դա, այո՛, կարող է խանգարել իրենց պլաններին։ Այստեղ արդեն լինել-չլինելու խնդիրն է, որի պատասխանատվությունը պարտադիր պետք է կողմերից մեկը կամ երկու կողմն էլ վերցնեն իրենց վրա։ Եթե այսօր իշխանությունները հենց այդ խաղաղության օրակարգով ձեռքերը լվացել են Արցախից, ինչ-որ տեղ նաև Հայաստանն են վտանգել, հետևաբար ընդդիմությունն իր գործառույթն ամբողջությամբ պետք է իրականացնի», - նշեց նա։

«Եթե իշխանական թևերը թե Հայաստանի, թե՛ Արցախի Ազգային ժողովներում մտածում են, որ ընդդիմությունները պետք է նստի և աղի օրինագծերի նման օրինագծեր բերի, և բոլորն այս իրավիճակում լուրջ դեմքերով կողմ կամ դեմ քվեարկեն, ապա իրենք չարաչար սխալվում են։ Որովհետև մեր ցանկացած օրինագիծ բխելու է մեր հայրենիքի շահերից, որին իրենք, միևնույն է, դեմ են քվեարկելու։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ԱԺ-ների ընդդիմադիր ուժերի գործողությունները պետք է ուղղված լինեն նրան, որ կա՛մ կարողանան ստիպել իշխանություններին կա՛մ գնալ հայրենիքի փրկության օրակարգով, կա՛մ հեռացնել իշխանություններին», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հակոբյանի խոսքերով՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները չեն սպասում լուրջ դեմքերով հիմար օրինագծերի քննարկման։ «Ձայն են տվել, որ կա՛մ իշխանություններին աշխատեցնել կարողանան, կա՛մ եթե չի ստացվում աշխատեցնել, հեռացնել։ Իշխանությունները հասկանում են, որ ցանկացած գործընթաց, որը կտանի Արցախի և Հայաստանի փրկությանը, ուղիղ նպաստելու է իրենց կործանմանը։ Այդպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի նաև հանրության մոտ ստեղծեն տպավորություն, որ ընդդիմությունն իրականում չի աշխատում։ Բայց միայն ընդդիմությունն է աշխատում և՛ Արցախում, և՛ Հայաստանում»։

Պատգամավորն ասաց, որ ընդդիմության հետ հանդիպումներ կլինեն Արցախում։