Փորձում են ներդնել թշնամական քարոզի այն «միտքը», թե  ՀՀ-ում կան իբր ադրբեջանական տարածքներ․ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

default (1).jpg

Մարդկանց գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե  Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»:

Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար»,-գրել է իրանագետը։

Նշենք, որ երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  ՀՀ-ի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։

--00--ՀԶ