Ռուսաստանը համոզիչ կերպով հայտնել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը․ դեսպան Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

կոպիրիկին

Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության համար։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսին։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ այդ կապակցությամբ բազմիցս արտահայտվել են մեր երկրի ներկայացուցիչները, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ասվել է, բավական համոզիչ և խոսուն կերպով վկայում է այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը»,-նշել է նա։

Ինչպես հայտնի է, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունները։

Դիվանագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել սրացում թույլ չտալու համար, որպեսզի նախորդ փաստաթղթերում արձանագրված պայմանավորվածությունները անշեղորեն կատարվեն։

Պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մասին հարցին, Կոպիրկինը կոչ է արել սպասել արդյունքներին:

«Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը։ Նա շահագրգռված է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Ռուսաստանն ինքն է այդ հարցում մշտական և զգալի ներդրում կատարում։ Մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է դիվանագետը։

--00--ԱՀ