Նիկոլ Փաշինյանը շտապում է փակել Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

քաղաքական

Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից տարբեր բաներ կարող ենք սպասել, համենայնդեպս ինչ-որ պայմանավորվածություն լինելու է։ Այս մասին 24News-ին ասաց «5165 շարժում» կուսակցության քարտուղար, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, դոցենտ Մենուա Սողոմանյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը։

Մարտի 30-ին ԵԽ պաշտոնական կայքում հրապարակվել էր Միշելի շաբաթական ժամանակացույցը, որում նշված է ապրիլի 6-ին Բրյուսելում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համատեղ հանդիպման մասին։ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդեն հաստատել են հանդիպման հնարավորությունը։

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի խոսքերով՝ Ալիևը փորձելու է այնպես անել, որ ինչ-որ պայմանավորվածություններ Բրյուսելում ամրագրվեն։ «Ուստի շատ կարևոր է, որ հանրությունը այս օրերին ոտքի ելնի ու ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանը չէ, որ կարող է Արցախի ճակատագիրը շոշափող, Արցախի ինքնորոշմանը վերաբերող, կարգավիճակին վերաբերող բան ստորագրել։ Ինչքան էլ ինքը պայմանավորվածություն ձեռք բերի, ինչ փաստաթուղթ ստորագրի կամ չստորագրի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերվի, ակհնայտ է, որ հայ-ադրեբջնաական հարաբերություններին վերաբերող ցանկացած փաստաթուղթ, հայտարարություն, ինչ-որ մի բան եթե կա, բնականաբար վերաբերում է Արցախի կարգավիճակին»։ 

Ըստ Սողոմոնյանի՝ չնայած իշխանությունների խոստմանը, որ «Արցախին վերաբերող ամեն հարցով կգանք ու կկիսվենք ձեզ հետ», չենք կարող կանխատեսել, թե ինչ կստորագրվի, ինչ հայտարարություն կընդունվի։ 

«Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր առաջարկության 5 կետերն առաջ է տալիս։ Իրադարձություններն այնպես են դասավորվում, կարծես թե, Հայաստանը խնդրողի դերում լինի, որ «արագացնենք, շուտ ստորագրենք խաղաղության պայմանագիր, անհապաղ սկսենք բանակցություններ»։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է։ Շտապում է այս հարցը ոչ թե օր առաջ լուծել, այլ՝ փակել Արցախի հարցը։ Հետևաբար մեր ակնկալիքներն այդ տրամաբանության մեջ են։ Այսինքն՝ ինչ-որ կերպ Արցախի կարգավիճակը կանխորոշող, հայ-ադրբեջանական խաղաղությունը կանխորոշող ինչ-որ հայտարարություն կլինի, որ Նիկոլ Փաշինյանը, որքան հնարավոր է արագ, գնա այս հարցի փակմանը։ Հարցի փակումն էլ իրենից ի՞նչ է ներկայացնում․ Հայաստանն իրավականորեն ամրագրի, որ պրոցեսի հետ կապ չունի, մոտավորապես այսպես, մնացածը, թե ինչ կլինի, արդեն Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում», - եզրափակեց քաղաքական գործիչը։