ԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժը անպատասխանատու և սադրիչ է որակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը:

«Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը սերտորեն հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այն է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու ինտենսիվացնեն դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրների համար: «Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ անհապաղ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը»,- նշել է Փորթերը:

Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հակամարտության տևական քաղաքական կարգավորման:

--00--ԱՀ