ՀՀ ՄԻՊ Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱՍՀ նախարար Մկրտչյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 24-ին աշխատանքային հանդիպում են ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպան Գրիգորյանը, ողջունելով նախարարին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար:

«Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների զգալի մասը նաև օբյեկտիվ պատճառներով վերաբերելի են հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին: Միաժամանակ՝ ընդգծելով, որ նման հանդիպումը կարևոր է նաև տարիներ շարունակ չլուծված բարդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում Նախարարության դիրքորոշումն ու դժվարություններն արձանագրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր իր առաջին հանդիպումն է Պաշտպանի հետ և ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմի զեկույցները ոչ միայն կարևոր են նախարարության քաղաքականության մշակման համար, այլ նման ձևաչափով գործընկերային աշխատակարգի սահմանումը կարող է առավել արդյունավետ դարձնել արձանագրվող խնդիրների լուծումը, որոնց շահառուն ՀՀ քաղաքացիներն են: Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է որոշ հրատապ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը։

«Հանդիպման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Նախարարին և տեղակալին ներկայացրել են վերհանված ոլորտային խնդիրները։ Պաշտպանի կողմից առանձնացվել են երեք առաջնահերթ թեմաներ: Մասնավորապես՝ քննարկվել են.

  • Շուրջ 15 տարի ձգվող «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի սահմանափակումների խնդիրը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան:
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կատարված այցի շրջանակում վերհանված խնդիրները:
  • «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի ուսումնասիրման ընթացքում կրկին վերհանված խնդիրները:

Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային սոցիալական ծառայությունների գործունեությանը, հաշմանդամության կարգի սահմանման փորձաքննությունների իրականացմանը, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց արագ և պատշաճ արձագանքման խնդիրների մասով կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելուն միտված հարցեր:

Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը նախանշած առաջնահերթություններով համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամություն են հայտնել:

--00--ԱՀ