Փաշինյանը պահանջում է բեկանել Հրայր Թովմասյանի «գրիչ»-ի գործով իր դեմ կայացված վճիռը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

հասարակական

Նիկոլ Փաշինյանը պահանջում է բեկանել Հրայր Թովմասյանի «գրիչ»֊ի գործով իր դեմ կայացված վճիռը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17֊ին մասնակի բավարարել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները։ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Փաշինյանին պատկանող էջով տարածել համապատասխան հերքումը, մասնավորապես՝ կատարել գրառում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

«Փաստինֆո»֊ի հաղորդմամբ՝ դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն։ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև հայցվորի ներկայացուցիչը։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Սամվել Գրիգորյանի, Արման Կուրեխյանի։