Դատարանի որոշմամբ ՌԴ-ում արգելվել է Facebook-ի և Instagram-ի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News​​​​​​​

f

Меtа Platforms ընկերությունը, որին պատկանում են Facebook և  Instagram սոցիալական ցանցերը, փոխել է իր քաղաքականությունը, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը մոսկովյան դատարանում, որտեղ քննվում էր ծայրահեղական գաղափարներ տարածելու համար Меtа-ի գործունեությունը Ռուսաստանում արգելելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը։

«Меtа-ն հրապարակային քննարկումներից հետո  փոխել է իր դիրքորոշումը և հայտարարում է, որ անընդունելի է համարում ռուսաֆոբիան ու բռնության կոչերն՝ ընդդեմ ՌԴ քաղաքացիների»,- դատարանում ասել է ընկերության ներկայացուցիչը։

 Меtа-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ սոցցանցից աշխարհում օգտվում է 2 միլիարդից ավելի մարդ, և միլիոնավոր ռուս օգտատերերի ներկայությունն այդ ընդհանուր հարթակում մեծ ու կարևոր գործոն է՝ ինչպես սոցիալական շփման, այնպես էլ բիզնես և տնտեսական գործունեության տեսանկյունից։

Այնուհանդերձ, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, դատարանը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունում արգելել Facebook և  Instagram սոցիալական ցանցերի գործունեությունը՝ դրանց կողմից ծայրահեղական գաղափարներ տարածելու հիմքով։

Меtа-ի գործունեությունն արգելելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում՝ հրապարակման պահից սկսած։

 --00--ՀԶ