Կրակոցներ՝ Լոռու մարզում. Թումանյան համայնքի ավագանու անդամը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

վ

Երեկ՝ մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ,  25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։ Ոստիկաները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. և Վ. Մաթևոսյաններին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՀԶ