ՀՀ-ում հանցագործությունների ընդհանուր թիվը մոտ 4 հազարով աճել է. Արամ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ոստիկանություն

Հանցագործությունների ընդհանուր թիվը 3777 դեպքով աճել է: Այս մասին ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝  ներկայացնելով 2021 թ. հանրապետությունում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը:

Նրա խոսքով՝  հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, խարդախությունների, ինչպես և լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված դեպքերի աճով: Աճել են նաև սպանության, սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության, ավազակության, տրանսպորտային միջոցներ փախցնելու և համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունների դեպքերը:

Արամ Հովհաննիսյանը նշեց, որ հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ՝ հստակ գործողություններ և կանխարգելիչ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, ինչն արդեն տվել է դրական արդյունք: Նա, մասնավորապես, անդրադարձավ պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայություններին, որոնց շրջանակում առգրավվում են ապօրինի պահվող զենք-զինամթերք, հայտնաբերվում հետախուզվողներ, բացահայտվում հանցագործություններ:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողներին ներկայացրեց կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Խոսելով ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին՝ հատկապես անդրադարձավ պարեկային ծառայությանն ու պարեկների վերապատրաստման դասընթացներին:
Հանդիպման ավարտին Արամ Հովհաննիսյանն ու Արա Ֆիդանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

 --00—ՀԶ