ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

տնտեսական

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ:

Նախարարությունից հայտնում են, որ Գվինդաձեն նախարարին է ներկայացրել  ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, եւ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքով ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:

Պարոն Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած  ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին: 

--00—ԼՄ