«ՀԱՄԱՍ-ին աջակցել, թե Իսրայելի հետ համագործակցել» երկընտրանքի դեպքում Թուրքիան կարող է ընտրել 2-րդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

էրդողան

«France-Presse» (Ֆրանսպրես) hեղինակավոր գործակալությունը վերլուծել է Թուրքիայի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարաբերություններն Անկարա-Թել Ավիվ մերձեցման համատեքստում։ Հոդվածի կարևոր հատվածները փոխանցում է Euronews-ի թուրքական ծառայությունը։ 

Վերլուծականում նշվել է, որ ՀԱՄԱՍ-ը մտահոգությամբ է ընդունել նախորդ շաբաթ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի՝ Թուրքիա կատարած այցը, մինչդեռ ըստ որոշ մասնագետների՝ Անկարա-Թել Ավիվ մերձեցումը ՀԱՄԱՍ-ի համար «հույսի աղբյուր է, թեև թույլ»։

Ընդգծվել է, որ որպես Պաղեստինի ջերմեռանդ պաշտպան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին, որը վերահսկում է Գազայի շրջանը։ Շեշտվել է, որ Իսրայելի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը դիտարկվում է որպես «Անկարայի ամենամեծ դաշնակիցներից մեկը»։

«ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իցխակ Հերցոգի այցը, սակայն չի հանդիմանել իր թուրք դաշնակցին»,- նշվում է հոդվածում և ուշադրություն հրավիրվում այն հանգամանքի վրա, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Սալեհ ալ-Արուրիի գլխավորությամբ հաճախ են հյուրընկալվում Թուրքիայում։

Ֆրանսպրեսի հետ զրույցում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ իրենք ցանկանում են լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենալ արաբական և մուսուլման երկրների՝ հատկապես Թուրքիայի հետ։ Պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ Թուրքիան պաղեստինցիներին կամ ՀԱՄԱՍ-ին արտաքսելու, նրանց գործունեությունը սահամանափակելու հարցում կդիմանա Իսրայելի ճնշմանը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիան տնտեսական պատճառներով կմեծացնի համագործակցությունն Իսրայելի հետ։ ՀԱՄԱՍ-ին աջակցելու, թե Իսրայելի հետ համագործակցելու երկընտրանքի դեպքում Թուրքիան կարող է ընտրել երկրորդը, քանի որ դեմ հանդիման է լիրայի արժեզրկմանը և ներքին տնտեսական ճգնաժամին։

Գազայի Ալ-Ազհար համալսարանի քաղաքագետ, պրոֆեսոր Նաջի Շուրաբն էլ  Ֆրանսպրեսի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կարող է օգուտ քաղել Անկարա-Թել Ավիվ մերձեցումից։ Շուրաբի կարծիքով՝ Անկարան կարող է ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի շրջափակման մեղմացման հարցում։

--00—ՄՀ